Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Դավաճանության դրսևորումների յուրօրինակ ձևերն ու դրանց հետևանքները

Դավաճանության դրսևորումների յուրօրինակ ձևերն ու դրանց հետևանքները
23.09.2026 | 09:53

«Հայրենիքի դավաճանության համար անհրաժեշտ է հոգու ստորության շատ մեծ չափաքանակ»։
Ն․ Չերնիշևսկի

Անշուշտ, դավաճանության ամենածանրագույն ձևը հայրենիքին դավաճանելն է և ապերախտությունը նույն այն հողի նկատմամբ, որի վրա ծնվել ու սնվել ես։ Դավաճանությունը բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ եղել է ամենածանր ու ամենանողկալի արարքը, ամենաշատ արհամարհանքի արժանացող հանցագործությունը, որի արդյունքում լինում են աղետներ, պարտություններ, կորուստներ ու ողբերգություններ։ Մարդկային ոգու ամենաստոր դրսևորումները նույնպես դավաճանության հետևանք են։
Դավաճանությունը, մատնությունն ու ապերախտությունը սնվում են նույն աղբյուրից և հավասարապես վտանգավոր են։ Դավաճանության գլխավոր մոտիվներն են փառասիրությունն ու շահամոլությունը։ Դավաճանությունը կանխամտածված հանցանք է, և պատահական չէ, որ արժանանում է ամենադաժան պատժին․ անգամ սիրող մայրը չի ներում որդու դավաճանությունը։
Սակայն հայրենիքի դավաճանությունը միայն թշնամու օգտին գործողություններ իրականացնելը չէ, այլ այն ամենը, ինչը կարող է վնասել, թուլացնել, վարկաբեկել, հեղինակազրկել նրան և կասեցնել կամ չապահովել նրա հզորացումն ու զարգացումը։ Դա կարող է լինել թերացումն աշխատանքում, մանավանդ եթե այդ աշխատանքը պետական բարձր պաշտոնյայի է։
Դավաճանության յուրօրինակ ձև է, երբ ստանձնում ես մի գործ, որը չես կարող լիարժեք կատարել, երբ լիարժեքորեն չես օգտագործում ընձեռված հնարավորություններն ու բարենպաստ իրավիճակները երկրիդ զարգացման համար, երբ անձնական շահդ գերադասում ես հայրենիքիդ շահից, երբ պատրաստ չես քեզ զոհաբերելու հայրենիքիդ համար, երբ հայրենի հողդ չես սիրում կյանքիցդ առավել, երբ պատրաստ չես անհաշտ կռիվ տալու քո ազգային արժանապատվության, մայրենի լեզվիդ անաղարտության, հայկականության, քո ազգային ինքնության ու արժեքների, ավանդույթների պահպանման և հավատքիդ համար։
Դավաճանություն է փառքի ու շահի համար հայրենիքդ ուրանալը, նրա նկատմամբ երախտամոռ լինելը, ընտրությունները կեղծելը, հայրենիքիդ բնությանն ու նրա ընդերքին անխնա վերաբերվելը, շրջակա միջավայրն աղտոտելը, կրթությունը փլուզելը, ցածրաճաշակ մշակույթ մատուցելը, երկրի բարոյական միջավայրն այլասերելն ու ապականելը։
Մեծագույն դավաճանություն է դավաճանությունը հանդուրժելն ու ներելը, ըստ արժանվույն չպատժելը։ Նժդեհն է ասել․ «Ազգը, որն ի զորու չէ պատժելու իր սրկիկներին ու դավաճաններին, ապագա չունի»։
Դավաճանություն է սեփական սկզբունքներին ու գաղափարներին դավաճանելը, լռելը, սուտ խոսելն ու անտարբերությունը, որոնք մարդկային չարիքներից առավել վտանգավորներից են։ Պատահական չէ, որ ամերիկացի հասարակական ճանաչված գործիչ Մարտին Լութեր Քինգն ասել է․ «Գալիս է մի պահ, երբ լռությունը դավաճանություն է»։ Հիմա եկել է այդ պահը․ հիմա լռությունը մահ է, կործանում է։
Այս մղձավանջային վիճակն էլ, որում հայտնվել ենք, մեր բոլորիս՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս, կամ շատ ավելի, շատ պակաս, դավաճանության արդյունքն է՝ Աստծուց, մեր հավատքից, մեր սրբություններից, մեր ազգային շահերից ու արժեքներից շեղվելը, տեղի ունեցող ապազգային երևույթներին անտարբերությամբ ու լռությամբ արձագանքելը։
Դավաճանությունն արդյունք է նաև հայրենիքի նկատմամբ ունեցած սիրո ու պատասխանատվության պակասի կամ բացակայության, դավաճանության նկատմամբ մեր հանդուրժողականության ու պայքարելու կամքի բացակայության։ Ուրեմն մեր շարքերում այսքան մատնիչներ, երախտամոռներ, անտարբերներ ու դավաճաններ ունենալու մեջ պետք է փնտրել մեր բոլոր դժբախտությունների ու խնդիրների աղբյուրն ու արմատը, սիրելի՛ հայրենակիցներ, և մինչև մենք չփոխվենք արմատապես, մնալու ենք նույն խղճուկ վիճակում։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ